Հայաստանում մանկական խաղալիքների մեջ սնդիկ է հայտնաբերվել: Այդ մասին, այսօր՝ օգոստոսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայ կանայք հանուն առողջության եւ շրջակա միջավայրի» ՀԿ անդամ Քնարիկ Գրիգորյանը: Կազմակերպության անցկացրած հետազոտության համաձայն, Հայաստանում սնդիկ է հայտնաբերվել խաղալիքների մեջ, որոնցից 9-ը եղել են չինական, մեկը՝ հայկական արտադրության: Սնդիկ է հայտնաբերվել նաեւ Եվրոպայից ներկրվող կոսմետիկայում, այդ թվում նաեւ մանկական շրթներկի մեջ:
«Մարդու կամ կենդանու օրգանիզմում, որի սննդի մեջ սնդիկ է եղել, այն վերածվում է մեթիլ-սնդիկի, որն ավելի վտանգավոր է, քան մետաղական սնդիկը: Եթե արտադրական թափոնները ընկնում են ջրամբարներ, ապա սննդի շղթայով դրանք հասնում են մարդուն եւ մեծ վտանգ են ներկայացնում նրա համար: Ռիսկի մեկ այլ գործոն կարող է հանդիսանալ լեռնահանքային արդյունաբերությունը»,- ավելացրել է Գրիգորյանը:
Առաջին անգամ սնդիկի զանգվածային թունավորում եղել է ճապոնական Մինիմատա քաղաքում 1956թ.-ին: Պարզվել էր, որ ացետիլենի արտադրության ժամանակ կիրառվող սնդիկի սուլֆիդը օվկիանոսի ջրում է հայտնվել: Թունավորումը տեղի էր ունեցել օվկիանոսում գտնվող ձկների եւ ծովային կենդանիների միջոցով:
«2013թ. հունվարին Ժնեւում ՄԱԿ-ի կողմից ընդունվել է Մինիմատյան կոնվենցիան: Նրա նպատակն է խափանել սնդիկի վտանգավոր ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: հայաստանը դրան դեռ չի միացել, սակայն հույս ունենանք, որ կանի դա»,- հայտարարել է ՀԿ մեկ այլ անդամ Էմմա Անախասյանը:





























