«Հաղթանակ» զբոսայգում, այսօր՝ օգոստոսի 15-ին, առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ ժամը 17:00-ը բոլոր կարուսելներն ու խաղային ատրակցիոնները մինչեւ 16 տարեկան երեխաների համար անվճար են եղել: Երեխաների հետ զբոսայգի եկած ծնողներն իրենց գոհունակությունն են հայտնել Երեւանի քաղաքապետարանին այս նախաձեռնության համար՝ ուրախությամբ հատկանշելով, որ նմանատիպ ակցիաները պարբերական բնույթ են կրում:
«Հաղթանակ» զբոսայգու տարածքում միջոցառումների ընթացքին հետեւել են Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը եւ Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը: Մինչ այս, առանձին օրերի, անվճար ակցիաներ են անցկացվել Երեւանի կենդանաբանական այգում ու մանկական երկաթուղում: «Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակում կանցկացվեն նաեւ մշակութային, մարզական ու առողջապահական միջոցառումներ, իսկ բակերում` նաեւ բակային ճամբարներ: «Երեւանյան ամառը» ծավալուն ծրագիր է, որի հիմնական նպատակը ամռան վերջին ամիսը փոքրիկ երեւանցիների ու նաեւ նրանց ծնողների համար հետաքրքիր ու բազմաբովանդակ դարձնելն է:





























