Մերձմոսկվայի Ալաբինո ավանի զորավարժարանում մեկնարկել են «Տանկային բիաթլոն» մրցումները։ Նման մարզաձեւի ստեղծման գաղափարը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուինն է;
Օգոստոսի 14-ին մրցումների ընտրական փուլն էր, որին մասնակցում էին յուրաքանչյուր ռազմական օկրուգից երեքական լավագույն տանկային կազմերը։ Մասնակիցների տանկերը (Տ-72Բ) տարբերելու համար տարբեր գույներով են ներկել։
Արեւմտյան ռազմական օկրուգը առաջին տեղն է զբաղեցրել եւ թիմային, եւ անհատական ստուգարքում։ Երկրորդ տեղում Հարավային օկրուգն է, երրորդ եւ չորրորդ տեղերում, համապատասխանաբար, Կենտրոնականն ու Արեւելյանը, հայտնում է rbc-ն։
Մրցումների հաջորդ փուլում Ռուսաստանի ԶՈՒ լավագույն կազմերը կմրցեն միմյանց դեմ։ Հաղթողը կմասնակցի եզրափակչին, այսինքն՝ միջազգային փուլում կներկայացնի Ռուսաստանը։ Եզրափակչին, որը կկայանա օգոստոսի 17-ին Ալաբինոյում, ռուս տանկիստները կմրցեն ՀԱՊԿ անդամ երկրների՝ Բելառուսի, Հայաստանի եւ Ղազախստանի թիմերի հետ։ Վիճակահանությամբ որոշվել է, որ ռուսական թիմը հանդես կգա կարմիր տանկերով։
Հաջորդ տարի լավագույն տանկիստի կոչման համար կպայքարեն նաեւ ամերիկացիները։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԱՄՆ կատարած այցի ընթացքում անձամբ էր հրավերը փոխանցել Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելին, որն այն ընդունել էր։ Ամերիկացիները սեփական տանկերով կմրցեն։


























