Տեւական ժամանակ է, ինչ դուք` Արցախյան պատերազմի մասնակիցներդ բողոքի շարժում եք ծավալել Ազատության հրապարակում: Ի սկզբանե սոցիալական բնույթի պահանջներն այսօր արդեն համաժողովրդական են դարձել: Այդ մասին ասվում է «Հայազն» կուսակցության հայտարարության մեջ, որը ընթերցվել է երեկ՝ օգոստոսի 15-ին, Ազատության հրապարակում կայացած հանրահավաքին:
«Դա անխուսափելի էր, քանզի կամավորական ազատամարտիկին այնքան էլ վայել չէ որեւէ մեկից ինչ-որ բան խնդրել` այն էլ ներկա իշխանությունից` այն էլ միայն իր համար: Կամավորականն ու զինվորը ինքը պետք է հոգա ընդհանուրի հոգսը, ինքը պետք է լինի երկրում խնդիր լուծողը: Իսկ մեր ազգի առջեւ ծառացած եւ հրատապ լուծման կարող խնդիրները անչափ շատ են կուտակվել:
Իշխող վարչախումբը, օլիգարխներով շրջապատված նախագահական պալատը, սնանկ կառավարությունը ունակ չեն դրանք լուծել` ոչ թե գիտելիքի կամ արհեստավարժության, այլ հայկականության ու սրտացավության պակասի պատճառով, օտարամոլության ու նյութապաշտության պատճառով, ազգային ներուժին չհավատալու պատճառով: Իսկ դուք՝ ազատամարտիկներդ, մեկ անգամ արդեն ապացուցել եք ձեր հավատը Հայոց ներուժի հանդեպ ու հաղթել անհավասար կռվում: Այսօր էլ, եթե առիթ լինի կհաղթենք: Սակայն թիկունքում նման իշխանություն ունենալով հաղթելը գրեթե անհնար է: Ժամ առաջ մենք պետք է ազատվենք սեփական ժողովրդին կեղեքող ու երկրից օտարող, ամեն ինչ զիջող, սրա նրա փեշի տակ ապահովություն փնտրող քաղաքական վերնախավից:
Միայն ազատամարտիկները չեն, որ այսօր սոցիալական անարդարության զոհ են: Ողջ ժողովուրդն է այդ վիճակում`ուսանող, թե թոշակառու, աշխատող, թե գործազուրկ, մտավորական, թե մանր գործարար, արտագաղթող, թե հայրենադարձվող: Բայց սոցիալական հարցերի լուծման բանալին պետականության ճգնաժամը հաղթահարելու մեջ է, երկրի քաղաքական ընթացքը կտրուկ փոխելու մեջ է, ազգային մեծ նպատակներ ու հեռահար ռազմավարություն ունենալու մեջ է, իսկ այս ամենը անհնար է առանց ազգային հեղափոխության: Ազգային հեղափոխությունն էլ անհնար է առանց պայքարին պատրաստ կամավորների, առանց Ազատամարտի փորձված վետերանների ու նրանցից օրինակ վերցնող, նրանց կողքին պայքարող երիտասարդ սերնդի:
Մենք հավատում ենք ազգային վերածննդին ու մեր հաղթանակին: Մենք Ձեր կողքին ենք»,- ասվում է հայտարարության մեջ:




























