ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցի գլխավոր հարցերը կապված էին էներգետիկայի բնագավառի, ինչպես նաեւ այն բանի հետ,որ Ադրբեջանը չի մասնակցում ԱՊՀ շրջանակում (Մաքսային միություն, Եվրասիական միություն, ՀԱՊԿ) գործող որեւէ ինտեգրացիոն գործընթացի։

Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ի մամուլի ասուլիսում նշեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ ռուսական կողն իրականում մտահոգված է, որ ադրբեջանական նավթն ու գազը Եվրոպա են մատակարարվում Ռուսաստանը շրջանցելով։

«Հասկանալի դարձավ, որ Բաքուն չի համաձայնել փոխել դիրքորոշումը վերոնշյալ երկու հարցում։ Հենց դա պատճառ հանդիսացավ, որպեսզի Ռուսաստանը  շահագրգռված չլիներ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ  դիրքորոշումը փոխելու հարցում», - ասաց քաղաքագետը եւ ընդգծեց, որ Պուտինի հայտարարությունը, թե հարցը բացառապես քաղաքական միջոցներով պետք է լուծվի, այդ մասին  է վկայում։

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ ՌԴ նախագահը չի հիշատակել ոչ տարածքային ամբողջականության սկզբունքը, ոչ էլ Լեռնային Ղարաբաղից զորքերը դուրս բերելը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին զենք վաճառելուն, քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանը ցանկանում էր դրական ֆոն նախապատրաստել Պուտինի այցից առաջ՝ հույս ունենալով մեղմել Ադրբեջանի դիրքորոշումն այլ հարցերում։

«Այնուամենայնիվ, փորձը ցույց տվեց, որ Բաքուն հակված չէ իր ինքնիշխանությունը սակարկելուն», -եզրակացրեց փորձագետը։

Հիշեցնենք, օգոստոսի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով մեկնել էր Բաքու, ստորագրվել էին երկկողմ մի շարք համաձայնագրեր։