Ռումինիայի պաշտպանության նախարար Միրչա Դուշան հրամայել է Աֆղանստան ուղարկելու համար կաշառք վերցնելու մասին լուրերը ստուգող հանձնաժողով ստեղծել: Քննությունը տեղի կունենա «Կամիր կարիճներ» էլիտար հետեւակային գումարտակում, որի զինծառայողներին Աֆղանստան են ուղարկում:
Նախարարությունը 100 բողոք է ստացել զինվորներից, որոնք ցանկանում էին մասնակցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը, սակայն այնտեղ ուղարկվողների թեկնածությունները նախապես որոշված են եղել, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով ռումինական Ziare լրատվական կայքը:
Աֆղանստանում Ռումինիայի առաքելությունն ավարտվում է առաջիկա տարիներին, այնպես որ ներկայիս գործուղումները կարող են վերջինը լինել: Այդ պատճառով էլ սա բազմաթիվ զինծառայողների համար Աֆղանստանում ծառայելու վերջին հնարավորությունն է, որը ոչ միայն հարգի է համարվում, այլեւ լրացուցիչ եկամուտ է բերում: Կես տարվա ընթացքում Աֆղանստանում ռումինացի զինվորը կարող է աշխատել 13 հազար եվրո. զինծառայողի կայուն աշխատավարձից բացի, նա ստանում է օրական 71 եվրո:
ՆԱՏՕ-ի հիմնական բանակն Աֆղանստանը կլքի 2014թ. վերջին:





























