Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը խոստովանել է ԵՄ-ի հետ ասոցացվելու կարեւորությունն Ուկրաինայի համար: Նա հաստատել է Ուկրաինայի եվրաինտեգրման ուղղությունը:

«Ուկրաինայի համար ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կարեւոր ազդակ կդառնա ժամանակակից եվրոպական պետության ձեւավորման համար», - Ուկրաինայի Անկախության 22-րդ տարեդարձի օրը հայտարարել է նախագահը, հայտնում է  ТСН –ը:

«Միաժամանակ պետք է շարունակենք Ռուսաստանի, Եվրասիական երկրների, համաշխարհային այլ առաջատարների եւ տնտեսական զարգացման նոր կենտրոնների հետ հետ մեր հարաբերությունների խորացումը, ինտեգրացիոն գործընթացները», - Յանուկովիչի խոսքերն է փոխանցում day.kiev.ua-ը:

Օգոստոսի 24-ին Ուկրաինան նշում է Անկախության օրը: 22 տարի առաջ`1991թ. օգոստոսի 24-ին, Ուկրաինան հռչակվեց անկախ դեմոկրատական պետություն: Նույն օրը Ուկրաինական ԽՍՀ-ի Գերագույն ռադան հաստատեց «Ուկրաինայի անկախության հռչակման ակտը»:

Յանուկովիչը ելույթ է ունեցել Վլադիմիր Մեծի հուշարձանի մոտ: Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը, Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը, կառավարության անդամներ, Կիեւի իշխանության ներկայացուցիչներ, նաեւ նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկն ու Լեոնիդ Կուչման: