Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիր ստորագրելու առթիվ Ռուսաստանի կողմից Ուկրաինային ուղղված ցանկացած տնտեսական սպառնալիք Բրյուսելն անընդունելի է համարում: Այս մասին հայտարարել է առեւտրային հարցերով եվրահանձնակատար Ջոն Քլենսին:
Ըստ նրա` «ԵՄ-ի հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտին Ուկրաինային չի խանգարի Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի Մաքսային միության հետ կառուցողական հարաբերություններ զարգացնելու հարցում»:
Նա հիշեցրել է, որ թեեւ ԵՄ երկրների եւ Ուկրաինայի երկկողմ առեւտրին, կան մեծաթիվ վիճելի պահեր, ամենայն հավանականությամբ` ուկրաինական արտադրանքի համար արտահանման պայմանները կհեշտացվեն:
«Այդ պատճառով Եվրամիությունում կասկածում են Ռուսաստանի կողմից ուկրաինական արտահանման սահմանափակման նպատակահարմարությանը», - Ջոն Քլենսիի խոսքերն է մեջբերում inotv.rt.com-ը:
Օգոստոսի 28-ին Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի արտակարգ նիստում կքննարկվի ռուս-ուկրաինական հարաբերությունների թեման: Այս մասին հայտնել է հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքը:
Հիշեցնենք, օգոստոսի 14-ին ռուսական մաքսային ծառայությունն արգելափակել էր ուկրաինական ողջ արտահանումը, թեեւ Ռուսաստանի կառավարությունից հայտնել էին, որ ոչ մի պատժամիջոց չի կիրառվել: Ավելի ուշ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը հասկացրել էր, որ Ռուսաստանը ուկրաինական ապրանքների համար կխստացնի մաքսային ընթացակարգը, եթե Կիեւը Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիր ստորագրի:





























