Միայն կաչաղակերը չեն, որ հակված են գողանալ մարդկանց պատկանող փոքր իրերը: Նորիս մականվամբ կատուն, որն ապրում է հասարակ բրիտանական ընտանիքում, սկսել է գողանալ հարեւանների՝ իրենց տեղում չդրված իրերը: Կլեպտոման ընտանի կենդանու տերեր Ռիչարդ եւ Սոֆի Ուինձորները որոշել են հրապարակայնորեն ներողություն խնդրել. նրանք թաղամասում հայտարարություններ են փակցրել, որով առաջարկում են բոլոր տուժածներին վերադարձնել իրենց կորած իրերը:
Սկզբում տան շեմին հայտնված կտորները, խոզանակները եւ ուտելիքի մնացորդները զարմացնում էին կատվի տերերին: Հետո նրանք զվարճանում էին սրբիչներ, աման լվանալու սպունգեր, վերնաշապիկներ ու մանկական իրեր քարշ տվող իրենց ընտանի կենդանու սովորույթի վրա: Սակայն երբ հերթը հասել է ներքնաշորերին ու կոշիկներին, Ուինձորները ստիպված են եղել ամաչել Նորիսի արարքների համար: Սկսելով հասարակ աղբից՝ կատուն վերածվել էր իսկական գողի, որը թանկարժեք իրերով շրջում էր թաղամասում: Արդեն ամեն առավոտ Ուինձորները իրենց օրը սկսում են նրանից, որ դասավորում են օտար մարդկանց պատկանող կրծկալներ, գոտիներն ու խաղալիքները, հաղորդում է Russia Today-ը:
Վերջիվերջո Ուինձորները այլեւս չեն կարողացել տեղավորել Նորիսի գողոնը, եւ նրանք փողոցում իրենց հասցեով հայտարարություն են փակցրել, որով խնդրում են բոլոր տուժածներին գալ իրենց կորած ապրանքների հետեւից:
Ռիչարդ Ուինձորի խոսքով, նրա երկամյա կատուն սկզբում իրեն իդեալական էր դրսեւորում, իսկ մեկ տարի անց կորցրել էր հետաքրքությունը տեղական բնության նկատմամ եւ սկսել էր զբաղվել գողությամբ: Հարեւանները չեն բարկանում Նորիսի վրա եւ նրա սովորույթը զվարճալի են համարում. հիմա արդեն նրանք գիտեն որտեղ փնտրել իրենց անհայտացած իրերը:




























