Հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող ուկրաինական Roshen ընկերության արտադրանքը ռուսական շուկա վերադարձնելու աշխատանքները կարող են մի քանի տարի շարունակվել, հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի նախագահ Գենադի Օնիշչենկոն:

Օնիշչենկոյի խոսքով, հարցը «մի քանի տարով երկարաձգվում է», քանի որ, ըստ նրա, ուկրանական կողմը «այդ հարցն ընկալում է որպես քաղաքական խնդիր եւ գործում է այդ տրամաբանությամբ»: Նա պարզաբանել է, որ օգոստոսի 23-ին Ռոսպոտրեբնադզորը ուկրաինական կողմից ստացել է անգլալեզու «հաստ ֆոլիանտ», որը համաձայնագրերի ձեւաչափերի հետ որ մի առնչություն չունի, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Օգոստոսի կեսերին Ռուսական սպառողական վերահսկողության նախագահը եւ Ուկրաինայի ագրարային քաղաքականության ու արդյունաբերման նախարար Նիկոլայ Պրիսյաժնյուկը համաձայնության են եկել այն մասին, որ Ռոսպոտրեբնադզորի տեսուչները կստուգեն հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող ընկերության գործարաններ, որից հետո ուկրանական կոնֆետները կվերադառնան ռուսական շուկա: 

Roshen-ի հրուշակեղենի վաճառքը Ռուսաստանում արգելվել էր 2013թ. հուլիսին այն բանից հետո, երբ կոնֆետներում հայտնաբերվեց բենզպիրենի ավել չափաքանակ: Այնուհետ Roshen-ի արտադրանքը ստուգեցին ԱՊՀ շատ երկրներ, որտեղ ներկրում են ուկրաինական կոնֆետներ, եւ դրանցում ոչ մի խախտում չեն հայտնաբերել: Roshen-ի կոնֆետների վաճառքի արգելման արդյունքում Ուկրաինայի ընդհանուր վնասը գնահատվում է 125 մլն դոլար այն դեպքում, եթե այն երկարաձգվի մինչեւ 2013թ. վերջ: