Նորություն չէ, որ շատ մարդիկ սմարթֆոնը ձեռքից չեն գցում  ամբողջ օրը, «թափառում» են համացանցում, ստուգում փոստը, հաղորդագրություն ուղարկում: Սակայն բավականին անսպասելի է այն, որ շատերը նույն բանով կարող են զբաղվել քնի մեջ:

Ըստ  մասնագետ Ջոշ Վեբեի` գիտնականները հետեւում են քնի մեջ իրենց հեռախոսն օգտագործող, սակայն առավոտյան ոչինչ չհիշող մարդկանց աճին: Դա երբեմն անհեթեթ վիճակներ է ստեղծում, գրում է The Daily Mail-ը:

Այսպես, 23-ամյա Մեգանը պատմել է, որ գիշերները հաղորդագրություններ է ուղարկում, սակայն արթնանալով, ոչինչ չի հիշում:

Ընդ որում` հեռախոսը գիշերը դնում է սենյակի անկյունում գտնվող սեղանին` վերալիցքավորման: Այսինքն աղջիկը վեր է կենում, մոտենում սեղանին, հաղորդագրություն ուղարկում եւ վերադառնում: Լորա Հոյան պատմել է նմանատիպ մի պատմություն: Լորան անհանգստանում է, որ կարող է գիշերները սխալ բաներ ուղարկել աշխատանքային ընկերներին, հայտնում է NEWSru.com-ը:

Փորձագետները խորհուրդ են տալիս կամ հեռախոսը գիշերը պահել անկողնուց հեռու, կամ էլ բոլորովին անջատել այն: Ըստ բժիշկ  Դեյվիդ Քանինգթոնի` քնի նման խանգարում ունեն հիմնականում գործարար մարդիկ, նրանք  կարծես թե գիշերն էլ են զգում «կապի մեջ լինելու» անհրաժեշտություն: