Ընթացող տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ապրանքաշրջանառությունը ավելացել է: Ընթացող շրջանում այն կազմում է 80-81 մլրդ ամերիկյան դոլար: Այդ մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում հայտնել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան:
«Մեր տվյալներով նախորդ տարվա համեմատ ապրանքաշրջանառությունը աճել է 7 տոկոսով: Դա շատ լավ ցուցանիշ է: Երկկողմ փոխհարաբերությունների մեջ տնտեսական հարաբերությունները որոշ չափով հիմնական են, որը նպաստում է մեր քաղաքացիների կյանքի պայմանների բարելավմանը»,- նշել է դեսպանը:
Դիվանագետի խոսքով` երկու երկրների տնտեսական կառույցների միջեւ համագործակցության նոր ոլորտների եւ բնագավառների ստեղծումն ու որոնումը անխոս դրական ազդեցություն կունենա հասարակական չափորոշիչների բարձրացման վրա, որը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ուկրաինայի օգտին է:
Առաջին հերթին ապրանքաշրջանառության ավելացումն ու տնտեսական համագործակցության ծավալների մեծացումը իր հետ շահույթներ է բերում՝ լրացնում է պետական բյուջեն, նպաստում է նոր աշխատատեղերի բացմանը: Ուստի կողմերն իրենց աշխատանքում մեծ կարեւորություն են տալիս տնտեսական ոլորտի զարգացմանը եւ իրենց առջեւ հսկայական ծրագրեր են դնում: «Մասնավորապես ընթացող տարվա նոյեմբեր ամսին մենք նախատեսում են Կիեւում տնտեսական համագործակցության վերաբերյալ հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի հերթական հանդիպում անցկացնել, որն, ինչպես գործնականում երեւում է, երկկողմանի համագործակցության հիմնական մաս է կազմում: Այդ հանդիպման շրջանակներում նախատեսվում է անցկացնել նաեւ բիզնես-ֆորում, ինչը եւս, մեր համոզմամբ, կնպաստի երկու երկրների գործարարների միջեւ ուղղակի շփման հաստատմանը»,- նշել է Իվան Կուխտան՝ հավելելով, որ Հայաստանի եւ Ուկրաինայի առեւտրա-արդյունաբերական պալատները սկսել են աշխատանքներն այդ ուղղությամբ:



























