Ռուսաստանը հերթական առեւտրային պատերազմն է սկսել, այս անգամ՝ ընդդեմ Բելառուսի: Սա «Ուրալկալիումի» գլխավոր տնօրեն Վլադիսլավ Բաումգերտներին կալանավորելու պատասխանն էր: «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Գենադի Օնիշչենկոն անմիջապես թերություններ է հայտնաբերել բելառուսական կաթնամթերքի որակում, «Տրանսնեֆտ»-ն էլ հայտարարել է Բելառուս մատակարարվող նավթի ծավալների կրճառման մասին:

Գենադի Օնիշչենկոյի խոսքով՝ բելառուսական ապրանքների հիմնական թերությունը յուղային բաղադրության եւ միկրոկենսաբանական պահանջներին անհամապատասխանությունն է: Մասնագետների եւ շուկայի մասնակիցների մեծամասնությունը գլխավոր սանիտարական բժշկի հայտարարությունները քաղաքական են համարում, գրում է «Կոմերսանտը»:

«Առայժմ Օնիշչենկոյի հայտարարությունը կարելի է ընկալել որպես նախազգուշացում», - կարծում են փորձագետները: Բայց նրանք ընդգծում են, որ «Օնիշչենկոյի ցուցակում» հայտնված «Սավուշկին պրոդուկտը» պատկանում է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մտերիմներից մեկին՝ գործարար Ալեքսանդր Մոշենսկուն: Տեղի լրատվամիջոցները նրան «նախագահի դրամապանակ» են անվանում:

Օնիշչենկոյի հայտարարությունն անսպասելիորեն համընկել է Ռուսաստանի կողմից Բելառուս մատակարարվող նավթի ծավալների կրճատման մասին հաղորդագրությանը. Սեպտեմբերի 1-ից «Տրանսնեֆտ»-ը 400 հազար տոննայով կնվազեցնի նավթամատակարարման ծավալը՝ «Դրուժբա» նավթատարի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, rbc daily-ին հայտնել է «Տրանսնեֆտ»-ի փոխտնօրեն Միխայիլ Բարկովը: