ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ զրույցում խնդրել է ժամանակ տալ, որպեսզի Սիրիայում աշխատող ՄԱԿ-ի փորձագետներն ավարտեն իրենց աշխատանքը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահի հետ կայացել օգոստոսի 28-ի երեկոյան:

«Քննարկել ենք, թե ինչպես ՄԱԿ-ն ու աշխարհի պետությունները, մասնավորապես ԱՄՆ-ն, կարող են համագործակցել, ինչպ-ես կարող ենք արագացնել հետաքննության գործընթացը: Ես նաեւ իմ անկեղծ ցանկությունն եմ հայտնել, որպեսզի փորձագետներին հնարավորություն տան կատարելու իրենց աշխատանքը: Արդյունքները, բնականաբար կկիսենք ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամների հետ»,-ասել է Բան Կի Մունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նշել է, որ կողմ է, որպեսզի սիրիական հակամարտությունը լուծվի երկխոսության ճանապարհով: «Պետք է դիվանագիտությանը հնարավորություն տալ»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ քիմիական զենքի կիրառումը հետաքննող ՄԱԿ-ի փորձագետները Սիրիան կլքեն օգոստոսի 31-ի առավոտյան: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: