Հայաստանում կառավարման համակարգի փոփոխության հարց չի քննարկվել: Այդ մասին հայտնել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին: Նրա խոսքով, խորհրդարանում նման քննարկումներ չեն անցկացվել, իսկ Դավիթ Հարությունյանի հայտարարությունն այլ ենթատեքստ ունի: «Դավիթ Հարությունյանի հայտարարությունն այլ նպատակ ուներ, ես խոսել եմ նրա հետ այդ մասին: Ուղղակի այն նման ձեւակերպում ստացել է մամուլում »,- հայտնել է Հ.Աբրահամյանը: Նրա կարծիքով հանրապետության կառավարման ներկային կիսանախագահակն ձեւը միանգամայն նորմալ է:

Այն հարցին, թե արդյոք ապագայում նման հարց կքննարկվի, Աբրահամյանը պատասխանել է, որ պետք չէ բացառել, այնուամենայնիվ կառավարման համակարգը դեռեւս չի քննարկվել: Սակայն սահմանադրական փոփոխությունների նախապատրաստման շրջանակներում  քննարկվում են մի շարք հարցեր, որոնք արդիական են երկրի համար:

«Եթե հիշում եք, սահմանադրական վերափոխումների համակարգման հանձնաժողովը ստեղծվել է Հայաստանի նախագահի հրամանով: Ժամանակին այն ղեկավարելու առաջարկ արվել էր Րաֆֆի Հովհաննիսյանին: Այժմ այն գլխավորում է Սահմանադրական դատարանի նախագահը: Մենք փորձում ենք հասարակական կազմակերպություններին ու քաղաքական ուժերին առաջարկել հանդես գալ իրենց առաջարկներով: Մենք պետք է քննարկման առարկա դարձնենք ցանկացած կարեւոր խնդիր»,- հայտարարել է Հ. Աբրահամյանը: