Հայաստանի ոստիկանությունը չպետք է մրցակցի մասնավոր պահնորդական ընկերությունների հետ: Այս մասին այսօր` օգոստոսի 31-ին լրագրողներին հայտնեց Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող եւ (թիկնապահ) պահնորդներ ուսուցանող ընկերությունների միության ղեկավար Հովհաննես Պետրոսյանը:

Նրա խոսքով` Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող եւ (թիկնապահ) պահնորդներ ուսուցանող ընկերությունների միությունը մի շարք փոփոխություններ է մշակել 2012թ. փետրվարին ընդունված  «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում եւ ներկայացրել խորհրդարան:

Ըստ նրա՝ նման իրավիճակ է ստեղծվել, քանի որ պահնորդական գործունեության թույլտվության համար թեկնածուն պետք է ստուգում անցնի Հայաստանի ոստիկանության կրթահամալիրում՝ մասնավոր ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո: «Ոստիկանության համալիրն ինքն է պատրաստում պահնորդներ: Հետեւաբար, նրանից է կախված՝ իր մրցակիցներին թույլ տալ աշխատանքի անցնել, թե՝ ոչ », – բացատրեց Հ. Պետրոսյանը:

Ըստ Պետրոսյանի՝ եթե կրթության նախարարությունը հավատարմագրել է ուսումնական հաստատությունը (այժմ Հայաստանում կան պահնորդական երկու քոլեջ), ապա լրացուցիչ քննությունը ստեղծում է միայն  շահերի բախման վտանգ:  Այդ պատճառով էլ հավատարմագրումը պետք է հանձնվի այլ մարմնի:

Բացի դրանից, եւս մեկ առաջարկը վերաբերում է տեղում կրթություն ստանալուն, որպեսզի մարզերից ստիպված չլինեն Երեւան գալ՝ կրթության եւ վկայական ստանալու համար: «Կրթության փուլը տեւում է 2-4 ամիս, սակայն ամեն մեկը չի կարող Երեւան գալ այդքան ժամանակով, կտրվել ընտանիքից եւ աշխատանքից», –նշեց Հ. Պետրոսյանը:

Ըստ Պետրոսյանի՝ տվյալ հարցերը պետք է կարգավորել մինչեւ նոյեմբերի 1-ը, երբ ավարտվում է պահնորդական ընկերությունների հավատարմագրությունների ժամկետը: «Այլապես մենք պարզապես ի վիճակի չենք լինի աշխատել», – ասաց նա:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am