Կոմունիստները Մոսկվայում հանրահավաք են անցկացրել, որի ընթացքում պահանջել են Ռուսաստանի կառավարության հրաժարականը եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բարեփոխումների ծրագրի դադարեցում: Ըստ կազմակերպիչների գնահատման՝ ցույցին մասնակցել է հինգ հազար մարդ:
Ցույցը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ Հեղափոխության հրապարակում: Ցույցին ելույթ են ունեցել կոմունիստներից Մոսկվայի քաղաքապետի թեկնածու, Պետդումայի առաջին փոխխոսնակ Իվան Մելնիկովը, Մերձմոսկվայի նահանգապետի պաշտոնի հավակնորդ Կոնստանտին Չերեմիսովը, ինչպես նաեւ ՌԴԿԿ-ի առաջնորդ Գենադի Զյուգանովը:
«Հոկտեմբերյան հեղափոխության հերթական տարեդարձին մենք նախատեսում ենք այս կառավարությանն հեռացնել եւ ստեղծել ժողովրդական միասնության կառավարություն», - հավաքվածներին վստահեցրել է Չերեմիսովը: Նրա խոսքերը հաստատել է Զյուգանովը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնելով, որ նախաձեռնությունը Պետդումա կներկայացվի՝ խմբակցության ներսում խորհրդակցություն անցկացնելուց հետո:
Ավելի վաղ կայքում մոսկվացիներին ուղղված կոչ էր տեղադրվել`գալ ցույցի եւ մասնակցել «Դիմո՛ն, հեռացի՛ր» ակցիային:





























