Քիչ առաջ «Ծածկած շուկայի» մոտից ոստիկանները բերման են ենթարկել Վարդգես Գասպարիին և Նախախորհրդարանի անդամ Արայիկ Կարապետյանին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ բերման էին ենթարկվել ակտիվիստ Արեն Մանուկյանը եւ Նախախորհրդարանի անդամ, իրավաբան Կարո Եղնուկյանը:

Այս պահին  «Ծածկած շուկայի» մոտ իրավիճակը դեռ լարված է։ Շարունակվում է շուկայի կառուցապատման դեմ բողոքի ակցիան։ Շուկայի տարածքում են «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից»  նախաձեռնող խմբի անդամները, Նախախորհրդարանի անդամները, այլ քաղաքացիներ, ինչպես նաեւ շուկայի կառուցապատող Սամվել Ալեքսանյանին պաշտպանող, շուկայի նախկին աշխատակիցներ ներկայացող կանայք, որոնք, ակտիվիստների համոզմամբ, իրականում, «Մալաթիա» շուկայի աշխատող կանայք են։

Ոստիկանությունը հայտարարել է, որ թեեւ ակցիան արտոնված չէ, իրենք թույլ կտան ակտիվիստներին շարունակել այն, եթե չխախտվի հասարակական կարգը։