Մոսկվայի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Ալեքսեյ Նավալնին «Դոժդ» հեռուստաալիքի եթերում մոսկվացիներին խոստացել է մտցնել մուտքի վիզային համակարգ Միջին Ասիայի ու Անդրկովկասի հետ, եթե 2013թ.-ի սեպտեմբերի 8-ին կայանալիք մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ տանի:
Նավալնին ենթադրում է, որ Մոսկվայի փողոցներում միգրանտների թիվը առնվազն 70 տոկոսով պետք է կրճատել: Մոսկվայի ծայրամասում բնակվող Նավալնին հայտարարել է, որ նա առավել քան որեւէ մեկը տեղյակ է խնդրի խորությանը եւ դրա լուծումը տեսնում է միայն մուտքի վիզայի միջոցառումներում: Քաղաքապետի թեկնածուն նաեւ առաջարկել է մտցնել «միգրացիոն օրենսդրության բնագավառում խախտումներ թույլ տվող կապալառուների որակազրկում», հաղորդում է «Ինտերֆաքսը»: «Դոժդ» հեռուստաալիքը կազմակերպել էր մայրաքաղաքի քաղաքապետի ընտրության նախընտրական քարոզարշավի մասնակիցների ուղիղ եթեր:
Ինչպես հաղորդում է «ԺուրԴոմ»-ը, «Դոժդ» հեռուսատաալիքը Նավալնու մասնակցությամբ ուղիղ եթերի ժամանակ համացանցի նրա կայքում անհասանելի է եղել: Հեռուստաալիքի աշխատակիցները միկրբլոգերում նշում են, որ խնդիրներ ծագել են ոչ միայն ալիքի կայքի, այլ նաեւ ողջ գրասենյակի համակարգչային ցանցի հետ:
Ինչպես «Էխո Մոսկվի»-ին հաղորդում է հեռուստաալիքի տնօրեն Նատալիա Սիդնեեւան, հաքերային DDoS հարձակումը արդեն երրորդ օրն է շարունակվում է, իսկ օգոստոսի 31-ին այն սրվել է:





























