Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում օգոստոսի 31-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի կին պատգամավորների եւ գործադիր իշխանության մի շարք մարմինների կին ղեկավարների հանդիպումը Հայաստանի հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի պատվիրակության հետ։ ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի տոնակատարությանը մասնակցելու նպատակով ժամանած պատվիրակության կազմում են Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ, Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամներ ու վարչությունների պետեր, մշակութային, կրթական, սոցիալական, բանկային, բժշկական եւ այլ բնագավառների ու ոլորտների գործիչներ։
Միջոցառումը վարում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ, պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը եւ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանը։
Տանտիրուհու իրավունքով ողջունելով ներկաներին, տիկին Բարսեղյանը կարեւորեց հանդիպումը, նշելով, որ իր ձեւաչափով այն աննախադեպ է հայոց զուգապետության անկախության հռչակումից ի վեր։
Իր հերթին, միջոցառման մասնակիցներին շնորհավորելով սեպտեմբերի 2-ի տոնի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրվա, կապակցությամբ, տիկին Նաղդալյանը շեշտեց, որ այդ օրը տոնական է ոչ միայն արցախցիների, այլեւ համայն հայության համար։ Այնուհետեւ, խոսելով հանդիպման նպատակի մասին, նա նշեց, որ այն պայմանավորված է Հայաստանում եւ Արցախում կանանց դերի բարձրացման անհրաժեշտությամբ՝ ի նպաստ անկախ պետականության կերտման եւ ամրապնդման գործընթացի լիարժեք հաջողության։ Այս առումով ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորեց Հայաստանի հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի դերակատարությունը, մի հասարակական կառույց, որի կազմի մեջ մտնում են թե խորհրդարանականներ եւ թե արտախորհրդարանական տարբեր ոլորտների կին գործիչներ։ Միեւնույն ժամանակ, նշեց նա, հասունացել է այն վերկուսակցական կառույցի վերածելու անհրաժեշտությունը, ինչի շնորհիվ կարող է կին գործիչներին իր մեջ ներառել՝ չտարանջատելով նրանց ըստ կուսակցական պատկանելության, այլ միավորելով կենսագործունեության տարբեր բնագավառներում ու ոլորտներում բոլորի համար ընդհանրական ծրագրերի շուրջ՝ ի շահ հայրենիքի բարգավաճման։ Այդ համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն առաջարկեց ԼՂՀ խորհրդարանում եւս ստեղծել նման մի կառույց՝ Կանանց խորհուրդ կամ խումբ, որի հետ իրենք պատրաստ են սերտորեն համագործակցել, իսկ հետագայում հնարավոր է եւ կազմակերպորեն միավորվեն՝ ստեղծելով կանանց մեկ միասնական խորհուրդ։
Առաջարկությունը, դատելով հնչած ելույթներից, ընդհանուր հավանության արժանացավ։ Արդյունքում հանդիպման մասնակիցները քննության առան խնդրի իրագործման կազմակերպական ուղիներն ու միջոցները։
Նույն օրը՝ օգոստոսի 31-ին, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունեց Հայաստանի հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի պատվիրակությանը՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ։
Զրույցի հիմնական թեման Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության նախորդ փուլերն ու ներկայիս զարգացումներն էին եւ ԼՂՀ Ազգային ժողովի կին պատգամավորների ու գործադիր իշխանության մի շարք մարմինների կին ղեկավարների հետ պատվիրակության քիչ առաջ ունեցած հանդիպման արդյունքները։
Անդրադառնալով երկու հայկական հանրապետությունների օրենսդիր մարմինների համագործակցության ընթացքին, ԱԺ նախագահն այն կարեւորեց Արցախ-Հայաստան միջպետական հարաբերությունների համատեքստում։ Ինչ վերաբերում է Արցախի եւ Հայաստանի խորհրդարանների կին պատգամավորների միջեւ կազմակերպորեն համագործակցություն հաստատելու վերաբերյալ առաջարկված գաղափարին, ասաց նա, ապա այն փաստորեն ներկայանում է որպես մեր խորհրդարանների փոխգործակցության եւս մեկ ուշագրավ ձեւաչափ։
Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը։





























