Օսկանյանների ընտանիքը չի ցանկանում մեկնաբանել նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի որդու` Արա Օսկանյանի թմրանյութեր պահելու կասկածանքով բերման ենթարկելու մասին տեղեկությունները:
Երկու օր շարունակ NEWS.am-ի թղթակիցը փորձում է կապ հաստատել Վարդան Օսկանյանի հետ, սակայն վերջինս չի պատասխանում հեռախոսազանգերին: Նրա օգնականի միջոցով եւս չի հաջողվում որեւէ մեկնաբանություն ստանալ: Փորձեցինք կապ հաստատել նաեւ նրա կնոջ` Նանի Օսկանյանի հետ: Երեկ նրա հեռախոսահամարին պատասխանեց տան աշխատակիցը. ով ասաց, որ չի կարող հեռախոսը փոխանցել նրան, քանի որ վերջինս տան երկրորդ հարկում է եւ անմիջապես անջատեց հեռախոսը: Այսօր, վերջապես, հաջողվեց կապ հաստատել Նանի Օսկանյանի հետ, ով, սակայն, չցանկացավ որեւէ բան մեկնաբանել, ասելով, թե ինչի ենք իրեն զանգում եւ ինքը ի՞նչ կապ ունի:
Ի դեպ, չի հաջողվում կապվել նաեւ մյուս Օսկանյանի` Արա Օսկանյանի հետ, նա չի պատասխանում հեռախոսազանգերին: Փոխարենը, այսօր Արա Օսկանյանը մասնակցում է «Միսս Հայաստան 2003», «Վիցե Միսս Եվրոպա-2005» Լուսինե Թովմասյանի եւ նրա ընտրյալի` Վիրջինիայի համալսարանի համակարգչային գիտությունների ֆակուլտետն ավարտած 36-ամյա Արթուր Հովհաննիսյանի հարսանեկան արարողությանը: Ի դեպ, Արա Օսկանյանը եւս կրթություն է ստացել արտերկրում,եւ հնարավոր է հենց փեսայի կողմից է հրավիրված հարսանիքին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Խանջյան փողոցում գտնվող բարի մոտից՝ թմրամիջոցներ օգտագործելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդուն՝ Արա Օսկանյանին՝ ընկերոջ հետ միասին։
«Փաստինֆո»-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ Օսկանյանի մոտ ոչինչ չի հայտնաբերվել, փոխարենն ընկերոջ՝ ոմն Վահագի մոտ հեռախոսի գրպանչիկից թափվել է ինչ-որ փոշի, որի ծագումնաբանությունը պարզելու համար նշանակվել է փորձաքննություն։ Դեպքի առթիվ առայժմ քրեական գործ չկա հարուցված, այլ նախապատրաստվում են նյութեր։ Բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։ Կայքի ունեցած տեղեկություններով՝ Ա.Օսկանյանի անունը շրջանառվում է նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ այլ գործով եւս։
Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Մոսկովյան 31 հասցեից մոտից թմրանյութեր պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել երկու հոգի, նշանակվել է փորձաքննություն:

Լուսանկարները` Kamoblog-ի





























