Հայաստանի Մուցքի  հանքավայրում բրիտանական «Orogen Gold»  ընկերությունը սպասվածից շատ ոսկու պաշարներ է հայտնաբերել: Այս մասին նշված է www.proactiveinvestors.com կայքում:

Ըստ աղբյուրի` «Արդյունքները ներառում են 11 մետրանոց հորատման կետում 5.56 գրամ/տոննայում, չնայած հորատման մյուս կետերում գրանցվել են նաեւ այլ արդյունքներ՝ 3.68 գրամ/տոննայում եւ 1.67 գրամ/տոննայում: Պատմական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են ավելի փոքր հորատման կետեր՝ գրանցելով ամենաբարձր արդյունք՝ մոտ 2.75 գրամ/տոննայում, հաղորդում է «ԷկոԼուր»-ը:

«Orogen Gold» ընկերությունն այժմ անցնում է հորատման ծրագրի երկրորդ փուլին եւ կծախսի 2.5 մլն դոլլար, որպեսզի ձեռք բերի ունեցվածքային իրավունքի 80 տոկոս մասնաբաժինը»:

«Orogen Gold» ընկերության պաշտոնական կայքի համաձայն, 2013թ. հունվարին «Orogen Gold» ընկերությունը փոխըմբռման հուշագիր է ստորագրել Հայաստանում գրանցված «Գեոռեյդ» ՓԲԸ-ի հետ (Georaid) Մուցքի ոսկու հանքի նախագիծն իրականացնելու համար: Երկրաբանահետախուզական աշխատանքների տարածքն ընդգրկում է 24 քառակուսի կիլոմետր: Նշենք, որ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքի համաձայն` ՀՀ Մուցքի (Բարձրավան) հանքերեւակումում երկրաբանահետախուզական աշխատանքների համար թույլտվությունը «Գեոռեյդ» ՓԲԸ-ին տրամադրվել  է 2010թ., թույլտվության ավարտը 2015թ. հունիսի 30-ն է:

Մուցքը ոսկու բազմամետաղային հանքավայր է: Այն հայտնի է նաեւ Բարձրավան անունով, գտնվում է Սյունիքի մարզի Սիսիանի շրջանում` Մուցք (Բարձրավան) գյուղից 2,5 կմ դեպի հարավ-արեւելք:

Հետաքրքիր է, որ «Orogen Gold» ընկերությունը շեշտադրում է կատարում միայն ոսկու վրա` անտեսելով մյուս օգտակար հանածոները: Մինչդեռ երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքում նշված է, որ հանքավայրում ոսկուց բացի առկա են պղինձ, կապար, ցինկ, արծաթ, սելլեն, տելլուր, բիսմուտ, թալիում, ինդիում, կադմիում, գալիում, ծծումբ եւ երկաթ: