Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ ուղղված ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն «Ալ Կաիդային» եւ դրա կողմնակիցներին օգնել է նշանակում, BBC-ի հետ զրույցում հայտնել է Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Ֆեյսալ Մեքդադը:
Փոխարտգործնախարարը նշել է, որ հենց Ամերիկայի սատարած զինված խմբավորումներն են Դամասկոսի մոտ օգոստոսի 21-ին քիմիական զենք կիրառել, այլ ոչ թե կառավարական զորքերը:
«Սիրիայի վրա ցանկացած հարձակում աջակցություն է «Ալ Կաիդային» եւ դրա հետ կապված կառույցներին, ինչպիսիք են «Ջաբաթ ալ-Նուսրան» կամ «Սիրիայի եւ Իրաքի իսլամական պետությունը», - ասել է Մեքդադը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նա հավելել է, որ ամերիկյան միջամտությունը կուժգնացնի «ատելությունն ամերիկացիների նկատմամբ» եւ կապակայունացնի Մերձավոր Արեւելքը: Ըստ նրա` Կոնգրես դիմելու վերաբերյալ Օբամայի որոշումը խոսում է այն մասին, որ նա բոլոր հետեւանքները ծանրութեթեւ չի արել, սակայն վերջնարդյունքում «դա ոչինչ չի փոխում, քանի որ ամեն դեպքում պատրաստվում է հարձակվել»: Կոնգրեսմենները քննարկելու են միջամտության նպատակահարմարությունն առաջին հերթին Իսրայելի շահերի տեսանկյունից, հավելել է Մեքդադը:





























