Արտաշատ քաղաքի 17-ամյա բնակչուհու հետ դեռ բանակցում են, որ չհրաժարվի իր երկու երեխաներից, որոնցից մեկին ծննդաբերել է 14 տարեկանում, իսկ փոքրը  11 ամսական է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետարանի կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության վարչության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը: Նա տեղեկացրեց, որ երկար բանակցությունների արդյունքում կնոջը  տեղափոխել են «Լայթ Հաուս» հայ-Ամերիկյան Բարեգործական հ/կ, որտեղ հոգեբանական աշխատանքների շնորհիվ փորձելու են 17-ամյա կնոջը հետ պահել այդ քայլից: «Կարեւորը նա է, որ երեխաները իր հետ են: Հուսով ենք ընտանիքը կմիմավորվի: Այս քանը, որ արել ենք արդեն դեպքի լավն է գնում»,- հույս հայտնեց Գագիկ Պողոսյանը: «Լայթ Հաուս» Հայ-Ամերիկյան Բարեգործական հիմնադրամի տնօրեն Նաիրա Մուրադյանն էլ ասաց, որ երիտասարդ կինն իր քայլը հիմնավորում է նրանով, որ նա դեռ շատ փոքր է եւ իրականում իրեն է մայր անհրաժեշտ: Պատմել է նաեւ, որ փոքր տարիքից իր մայրն էլ է հրաժարվել իրենից եւ տատիկն է մասամբ իր խնամքով զբաղվել:

«Նա մեծացել է գիշերօթիկում: Ասում է, որ սոցիալական վիճակից եւ միայնությունից դրդված է վաղ տարիքում ամուսնացել ու ընթացքում զղջացել»,- ավելացրեց Նաիրա Մուրադյանը եւ ավելացրեց, որ շաբաթ օրն էլ երեխաներին կնքել են ու հույս հայտնեց, որ  համատեղ աշխատանքների արդյունքում ընտանիքը միավորված վիճակով կհեռանա իրենց հ/կ-ից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արտաշատ քաղաքի 17-ամյա բնակչուհին, ով առաջնեկին ծննդաբերել է 14 տարեկանում, հրաժարվում է իր երկու երեխաներից, որոնցից մեկը 2 տարեկան է, իսկ մյուսը՝ 11 ամսական: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել էր նաեւ Արարատի մարզպետարանի կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության վարչության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը: Աղջիկը ծնունդով Արմավիրից է, 14 տարեկանում հարս է եկել Արտաշատ: Սակայն ըստ տարածված խոսակցությունների՝ վերջին ամիսներին  նոր ընկեր է գտել եւ ցանկանում է հեռանալ երեխաներից եւ ամուսնուց եւ կյանքը կապել նրա հետ: