«Փառապանծ մարտիկներ» հ/կ նախագահ, ռազմական ոստիկանության Արմավիրի բաժնի նախկին պետ Գրիշա Սարգսյանը «դաբիցցա» է լինելու, որ իրենց ներկայացրած ազատամարտիկների մասին սոցփաթեթը մտնի ԱԺ-ի մեծ օրակարգ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Գրիշա Սարգսյանը: Նրա խոսքով, ազատամարտիկները 4 ամիս առաջ սոցիալական շարժում են սկսել, որը հասնելու է իր գագաթնակետին: «Օրենքի ընդունում, սոցիալական փաթեթի ընդունում եւ այլն եւ այլն»,- ասաց Գրիշա Սարգսյանը՝ հավելելով, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության 20 տոկոսն է ազատամարտիկների շահերից բխում, իսկ մյուս 80 տոկոսը դեմ է: Նա միաժամանակ հավատացրեց, որ Մանվել Գրիգորյանի դեմ ոչինչ չունի:
«Նա մեր մարտական ընկերն է եւ մենք իրար մեջ մեր հարաբերությունները շտկելու բան չունենք: Ինքը մտածում է իր անձնակազմի մասին, իսկ ես ամբողջ անձնակազմի: Դրանք տարբեր բաներ են: Մենք հզոր ենք եւ մեր հզորությունը, անպայման կապացուցենք ԱԺ աշնանային նստաշրջանում ազատամարտիկների մասին օրենքի ընդունմամբ»,- ամփոփեց Գրիշա Սարգսյանը:





























