Եգիպտոսում կալանավորվել է «Մահմեդական եղբայրներ» շարժման եւս մեկ առաջնորդ Սաադ ալ Հուսեյնին։
Հսկողության տակ է վերցվել նաեւ Ազատության եւ արդարության կուսակցության նախագահ Սաադ ալ Քաթաթնին, նաեւ՝ Միության գերագույն ղեկավարության ներկայացուցիչ Ռաշադ ալ Բայումին։ Երկուսն էլ Կահիրեի Թորա բանտում են։
Եգիպտոսի դատական կոլեգիան ավելի վաղ խորհուրդ էր տվել ցրել «Մահմեդական եղբայրների» միությունը։ Այն ցրելու հարցով առաջին լսումները նշանակված են նոյեմբերի 12-ին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Mena գործակալությունը։
Շարժումը, որի օգնությամբ Մուհամեդ Մուրսին նախագահ էր դարձել, ստեղծվել էր 1928թ., հետո ցրվել 1954-ին՝ երկրի ռազմական ղեկավարության կողմից։ Այդ օրվանից «Մահմեդական եղբայրներն» ընդհատակյա էին գործում՝ մինչեւ Մուբարաքի 2011թ. տապալումը։ Նրա հաջորդ Մուրսին պաշտոնանկ էր արվել այս տարվա հուլիսի 3-ին՝ զինվորականների կողմից։





























