ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը (USAID) 500 հազ. դոլար դրամաշնորհ է հատկացրել ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ մարդկային ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման նպատակով: Գումաներն ուղղվելու են աուդիտի եւ հաշվապահության ոլորտ:

2013 թ. պետք է իրականացվեն մոտ 115 հազ. դոլարի աշխատանքներ, ուստի ՀՀ ֆինանսների նախարարությունը կառավարության սեպտեմբերի 5-ի նիստի հաստատմանն է ներկայացրել ծախսերի նախահաշիվ հենց այդ գումարի չափով (45 մլն դրամ):

Մասնավորապես՝ 12 մլն դրամ պետք է հատկացվի միկրոկազմակերպություններում պարզեցված հաշվապահական կարգի մշակման նպատակով, 4 մլն դրամ՝ աուդիտորների ու հաշվապահների որակավորման միջազգային փորձի ուսումնասիրման, 5,4 մլն դրամ՝ որակավորման ներկա համակարգի գնահատման ու թերությունների բացահայտման նպատակով:

7 մլն դրամ էլ նախատեսվում է ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման կազմակերպման ուսումնասիրման, առկա խնդիրների, էլեկտրոնային համակարգերի կիրառման հնարավորությունների ուսումնասիրության նպատակով: