Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան մոսկովյան հանդիպումը իրավիճակով պարտադրված հանդիպում էր, որը ոչ մի կտրուկ փոխոխության չի բերի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց մարդու Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ կան հարցեր, որոնք ենթակա չեն հեռախոսով կամ միջնորդների միջոցով քննարկման:

Անդրադառնալով Մոսկվայի կողմից Բաքվին զենք վաճառելու խնդրին, նա ասաց. «Սովորեք, Ռուսաստանն ինքնուրույն պետություն է, որը կարող է զենք վաճառել Բաքվին եւ այդ քայլով  ասում է. «Պաշտպանվեք ինքնուրույն»: Այդ տնավարի մակարդակից վեր կենալ է պետք»: 

Ի դեպ, Լարիսա Ալավերդյանը ասուլիսի էր հրավիրված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ: Տեսնելով մյուս բանախոսին, նա ասաց, որ դեռ ամիսներ առաջ ասել է, որ նրա հետ չի բանավիճի, քանի որ կիսելու գաղափարներ չունի: Ավելի ուշ համաձայնության եկան, որ ոչ թե բանավիճելու են, այլ յուրաքանչյուրը պարզապես ասելու է իր ասելիքը:

Անդրադառնալով մոսկովյան հանդիպմանը Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հետ կապված խնդիրներ են քննարկվելու: «Մենք մինչեւ այժմ խոսել ենք «կամ-կամի» եւ ոչ թե «եւ-եւ»-ի մասին: Մենք ունենք ռազմավարական դաշնակից, որտեղ ունենք ամենամեծ գաղութը, մյուս կողմից մենք ունենք Եվրոպային ինտեգրվելու հնարավորություն»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը եւ ավելացրեց, որ նախաստորագրումը ոչ քաղաքական, ոչ իրավական հետեւանք չի ունենալու:

Հարցին, այդ հանդիպումից հետո Ռուսաստանում հայերի նկատմամբ ճնշումը կթուլանա՞, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց, որ կարծում է՝ այդ հարցն էլ կքննարկվի: «Բայց փաստ է, որ Ռուսաստանն իր էմիգրացիոն քաղաքականությունը խստացրել է եւ ոչ միայն հայերի դեմ: Ամռանը շատ հայերի հետ եմ հանդիպել, որոնք իրենց այնտեղ լավ են զգում»,-ասաց նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am