Փակ շուկայի շուրջ ստեղծված իրավիճակը խոսում է անիշխանության եւ իշխանության անզորության մասին: Այս մասին այսօր` սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: «Օրենքը չի գործում, երկրի իշխանությունները քրեօլիգարխիկ համակարգի մեջքերով են գալիս իշխանության, հետեւաբար չեն կարողանում նրանց սանձել, լինի դա Փակ շուկան, Կոմիտաս-5-ը, թե Սայաթ Նովան»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ ասաց, որ որպես շինարար, անձամբ է տեսել, թե ինչ խարխլված հիմքեր է ունեցել Փակ շուկան, ինչն առաջիկայում փլուզման պատճառ էր դառնալու:
Ինչ վերաբերում է Փակ շուկայի պատմամշակութային արժեք լինելուն, նա ասաց, որ այն կպահպանվի եւ հարյուրավոր աշխատատեղեր կստեղծվեն: «Ես ուրախ եմ, որ կան քաղաքացիական ակտիվություն, բայց անընդունելի է, երբ պատվիրատուի ձեռագիր է երեւում: Կան ակտիվիստներ, որոնք ճարտարապետությունից բան չեն հասկանում, բայց որպես ճարտարապետ են խոսում»,- ասաց Սուքաս Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ արդեն ամիսներ շարունակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բողոքում են Փակ շուկայի շենքը ձեւափոխելու, ճարտարապետական տեսքը փոփոխելու եւ այնտեղ սուպերմարկետ կառուցելու դեմ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























