Երբ ընդդիմությունը միավորվի, այդ պահից սկսած Հայաստանում իշխանափոխությունը մի քանի օրվա խնդիր կլինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երեւանի ավագանու անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությունը, թե երկրում քաղաքական դաշտի ակտիվությունը ոչ մի կերպ չի կարող հանգեցնել իշխանափոխության:
«Ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորումը երկրում կապված է մի շարք գործոնների հետ, հատկապես, որ ներկայումս նման նախադրյալներ չկան»,-հայտարարել է Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է Սահակյանի հայտարարությանը, ըստ որի ընդդիմությունը քաղաքական կապիտալ չունի, «Ժառանգության» ներկայացուցչի խոսքով՝ ընտրությունների արդյունքները կեղծում է ոչ թե ընդդիմությունը, այլ՝ իշխանությունը եւ դա ոչ ոքի համար գաղտնիք չէ:
«Համաձայն չեմ այն հայտարարության հետ, որ ընդդիմությունը քաղաքական կապիտալ չունի: Իշխանությունները հարձակումներ են գործում ընդդիմության վրա՝ հայտարարելով, որ ընդդիմությունն անգործության է մատնված: Որոշ առումով, Գալուստ Սահակյանը ճիշտ է, երբ ասում է, որ ընդդիմությունն անզոր է, քանի որ մինչ օրս ընդդիմադիր ուժերը չեն կարողացել միավորվել եւ տապալել իշխանությանը: Այդ առումով պարոն Սահակյանն ասելու բան ունի»,-ասաց Մարտիրոսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ երկրում քաղաքական դաշտի ակտիվացումը ոչ մի կերպ չի կարող հանգեցնել իշխանափոխության: «Դրա համար չկա անհրաժեշտ քաղաքական գործոնը, բացի այդ, քաղաքական ուժերը անգործունակ են, այսինքն զգացվում է քաղաքական կապիտալի պակաս: Երբ մենք խոսում ենք իշխանափոխության մասին, ենթադրում ենք այլընտրանքային քաղաքական ծրագրերի առկայություն, սակայն այդպիսիք չկան, հետեւաբար ժողովրդական շարժումը մնում է կես ճանապարհին»,-ասել էր Սահակյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























