Կառավարության մասնաշենքի 6-րդ հարկում գտնվող Կրթության եւ գիտության նախարարության պատշգամբից ցած նետված 22-ամյա Հայկ Հայրապետյանը մահվանից առաջ տանն ասել է, որ նշանվելու մտադրություն ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկի հայրը` Միշա Հայրապետյանը: Նրա խոսքով, նրանք ողջունել են տղայի ցանկությունը եւ շատ ուրախացել, իսկ ավելի ուշ տեղեկացել են կատարվածի մասին: Հայկի հայը ասաց, որ տղայի մոտ ինքնասպանության հակումներ չի նկատել. «Չգիտեմ, չգիտեմ ես իմ տղայի մեջ նման բաներ ես չեմ տեսել»,- ասաց Հայկի հայրը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Հայկի համակուրսեցիները եկել են եւ հայտնել, որ իրենց հարցաքննության են հրավիրել:
Բացի այդ, տղայի ոսկրածուծից նմուշ են վերցրել եւ այն հանձնել դատաբժշկական փորձաքննության:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կառավարության մասնաշենքի 6-րդ հարկում գտնվող Կրթության եւ գիտության նախարարության պատշգամբից նետվել է 22-ամյա Հայկ Հայրապետյանը, ով բնապահպանության նախարարության աշխատակից էր: Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանն էլ ասել էր, որ Հայկը նախարարության աուդիտի բաժնի աշխատակից էր, ընդմիջումից 5 րոպե առաջ դուրս է եկել աշխատասենյակից եւ տեղի է ունեցել դեպքը: «Պարտաճանաչ աշխատակից է եղել, կոլեկտիվի կողմից սիրված, կոլեկտիվին նվիրված»,- ասել էր մամուլի քարտուղարը` հավելելով, որ աշխատակիցները նրա մոտ որեւէ կասկածելի բան չեն նկատել:




























