Սեպտեմբերի 3-ին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացել է «2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի ամփոփիչ բաց նիստը, որտեղ հաղթող է ճանաչվել Սիսիանը:
Նիստին մասնակցել են մրցույթի կազմկոմիտեի անդամները, անկախ փորձագետներ, հաղթանակի ձգտող քաղաքների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ամիսներ առաջ հայտարարված մրցույթին մասնակացության հայտ էին ներկայացրել Սիսիան ու Էջմիածին քաղաքները: Անկախ փորձագետների խնդիրն էր մանրակրկիտ ուսումնասիրել քաղաքապետարանների հայտերում նշված եւ իրականում ունեցած հնարավորությունների համապատասխանությունը (մարզամշակութային կենտրոններ, երիտասարդական միջոցառումների կազմակերպում, հյուրանոցային պայմանների, երիտասարդական ժամանցային օբյեկտների գների մատչելիությունը եւ այլն):
Մրցույթի առցանց քվեարկության եւ անկախ փորձագետների գնահատման արդյունքները հրապարակեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
Փորձագիտական գնահատման եւ առցանց քվեարկության արդյունքների համաձայն «2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթում հաղթող է ճանաչվել Սիսիանը:
Էջմիածնին ձայն էին տվել 8416, իսկ Սիսիանի օգտին քվեարկությանը մասնակցել էր` 9246 մարդ` ընդ որում առցանց քվեարկությանը մասնակցել էին ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում բնակվող մեր համաքաղաքացիները:
Ըստ փորձագիտական հանձնաժողովի անդամների գնահատականների` Էջմիածին քաղաքի հայտի ընդհանուր գնահատականը եղել է 705 միավոր, Սիսիանինը` 845:
«Սա գործընթացի սկիզբն է եւ այն ապացուցեց , որ բարեհաջող երթ է ունենալու: Բազմաթիվ քննարկումներ են եղել թե’ անկախ փորձագետների ու թե’ նախարարության աշխատողների հետ համատեղ, մեր աշխատանքը եղել է անաչառ, մրցակցությունը` լուրջ, վստահեցնում եմ, որ «Երիտասարդական մայրաքաղաք – 2015թ.»-ը եւ «Երիտասարդական մայրաքաղաք -2016թ.»-ն էլ ավելի լավն են լինելու,- նշեց փոխնախարարը:
Հաղթած քաղաքի ղեկավար Աղասի Հակոբջանյանն ընդունելով շնորհավորանքները` իր սրտի խոսքն ասաց՝ դիմելով ներկաներին ու իր համաքաղաքացիներին. «Վստահեցնում եմ ձեզ , առաջիկա տարում Սիսիանը կդառնա Հայաստանի Հանրապետության ողջ երիտասարդության մայրաքաղաքը, կկազմակերպվեն գեղեցիկ միջոցառումներ, կլինեն հետաքրքիր հանդիպումներ, մշակութային երեկոներ, անպես որ հրավիրում եմ բոլորիդ մեզ հետ միասին վայելելու երիտասարդական մայրաքաղաքի բոլոր միջոցառումները»:
«Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթում հաղթող ճանաչված քաղաք լինելը ենթադրում է` կառավարության կողմից բյուջետային հատկացումներ` երիտասարդական ծրագրերով նախատեսած բազմաթիվ միջոցառումների կազմակերպում եւ իրականացում տվյալ քաղաքում` ողջ տարվա կտրվածքով, ինչն էլ իր հերթին ենթադրում է ֆինանսական հոսքեր` մայրաքաղաքից դեպի մարզեր: Սիսիանի քաղաքապետին առաջին շնորհավորողներից մեկը միջոցառմանը ներկա Էջմիածին քաղաքի ներկայացուցիչ Անահիտ Նահատակյանն էր:





























