Պտտաձողի վրա վարժություններ կատարելուց հետո  հանկարծամահ եղած  Տավուշի մարզի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող 31-ամյա  Ալիկ Հայկի Ջանվելյանը 5 երեխաների հայր էր: Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը:

Գյուղապետը փոխանցեց, որ երեխաներից փոքրը ամիսներ առաջ էր ծնվել: Ավելին` այս տարի պաշտպանության նախարարությունը պայմանագրային զինծառայողին, որպես սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիք եւ լավ ծառայող, գումար է հատկացրել տուն գնելու համար: Երիտասարդ, բայց բազմազավակ ընտանիքը ամիսներ առաջ էր նոր տուն տեղափոխվել: Ալիկ  Ջանվելյանն ունի եւս երկու եղբայր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պտտաձողի վրա վարժություններ կատարելուց հետո  սեպտեմբերի 3-ին սահմանագոտում հանկարծամահ է եղել Տավուշի մարզի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող 31-ամյա  Ալիկ Հայկի Ջանվելյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:  NEWS.am-ի տեղեկություններով պայմանագրային զինծառայողը վարժությունից հետո իրեն վատ է զգացել տեղափոխել են հիվանդանոց, որից հետո կենսաբանական մահ է գրանցվել: Նա պայմանագրային հիմունքներով ծառայում է 2009թ-ից: