Արարատում նոր ընտրություններ անցկացնելու եւ օրը որոշելու համար Կառավարությունը նախ պետք է նիստ հրավիրի եւ մահացած քաղաքապետ Աբրահամ Բաբայանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուց հետո արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում կայացնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: «Որոշումն ուժի մեջ մտնելուց 40-օրյա ժամկետում` վերջին կիրակին անցկացվում է արտահերթ ընտրություն»,- ավելացրեց Հերմինե Հարությունյանը:
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ն միանշանակ թեկնածու առաջադրելու է, սակայն այս պահին չի կարող ասել, թե ով կառաջադրվի, քանի որ անուններ չկան:
Արձագանքելով հարցին, թե շրջանառվում է նախկին թեկնածու ՀՀԿ-ական Հայկ Հայկյանի անունը, նա ասաց, որ նրա մասով դեռ վերջնական որոշում չկա: «Դեռ կուսակցությունը այդ հարցը չի քննարկել, հետեւաբար այդ մասով որոշում չունենք: Երբ կառավարությունը որոշում կկայացնի լիազորությունները դադարեցնելու մասին եւ նոր ընտրությունների օրը կորոշվի այդ ժամանակ հարցը կքննարկենք»,- ավելացրեց մարզպետը:
Իսկ ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ արձագանքելով հարցին, թե ճիշտ են տեղեկությունները, որ ԲՀԿ-ն նույնպես թեկնածու է առաջադրելու եւ, որ ամենահավանական թեկնածուն Արարատի ցեմենտի գործարանի աշխատակից Սամվել Բարսեղյանն է, ասաց. «Ես կանխատեսում չեմ կարող անել: Երբ փաստացի տեղի կունենա, որեւէ որոշում կամ գործողություն կլինի, ես սիրով կփոխանցեմ: Այս պահին ավելին չեմ կարող ասել»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում այսօր` օգոստոսի 15-ին, առավոտյան 10.00-ի սահմաններում, մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր «Միքայելյան» վիրահատվել վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը: Նա նշել էր, որ քաղաքապետի մոտ առկա է գլխուղեղի ուռուցք:





























