29-ամյա Կարեն Մանուկյանը խոհանոցի ապակին կոտրելու եւ փեղկը բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել համագյուղացու բնակարան: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 29-ամյա Կարեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը համագյուղացի Ջուլիետա Ս.-ի կամքին հակառակ, խոհանոցի ապակին կոտրելու եւ փեղկը բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել նրա բնակարան` խախտելով Ջ. Սուքիասյանի բնակարանի անձեռնմխելիությունը: Քրեական գործ է հարուցվել 147  հոդվածի 1-ին մասով (մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է բնավավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: