Ռուսաստանը չի բացառում, որ կարող է համաձայնել Սիրիայի դեմ ռազմական օպերացիային, եթե քիմիական զենքի կիրառման հարցում ապացուցվի Բաշար Ասադի մեղքը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Associated Press-ին եւ Առաջին ալիքին տված հարցազրույցում: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ դա հնարավոր է միայն ՄԱԿ-ի արտոնության դեպքում:
Մինեւնույն ժամանակ նախագահն ընդգծել է, որ առայժմ հստակ տեղեկություններ չկան անգամ այն մասին, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել Սիրիայում: Դրա համար մանրամասն հետաքննություն է անհրաժեշտ:
«Ռուսաստանը Սիրիային է մատակարարել С-300-ի առանձին կոմպոնենտներ, սակայն մատակարարումն առայժմ չի ավարտվել»,-հաղորդել է Պուտինը: Նրա խոսքով՝ Մոսկվայում կորոշեն, թե հետագայում ինչպես վարվել՝ «կախված իրավիճակից»:
Պատասխանելով Օբամայի՝ Մոսկվա այցելելու մասին որոշումը չեղյալ համարելու մասին հարցին՝ Պուտինը հայտարարել է. «Աղետալի ոչինչ չեմ տեսնում դրա մեջ, սակայն կցանկանայի, որպեսզի նա այցելեր Մոսկվա», փոխանցում է ՌԻԱ Նովոստին:





























