Սիրիայում քիմիական զենքի կիրառելու հարցում Ռուսաստանին կարող են համոզել միայն ծանրակշիռ ապացույցները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը The Associated Press-ին եւ Առաջին ալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ տեսնյութերը, որոնցում տուժած երեխաներ են պատկերված, չեն պատասխանում Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստի մասին հարցին եւ այն հարցին, թե ով է այն օգտագործել:
«Ինչ վերաբերում է Ձեր հիշատակած նյութերին, տեսանյութերին, որոնցում իբր թե քիմիական զենքի արդյունքում մահացած երեխաներ են, դրանք սարսափելի կադրեր են: Հարցն այն է, թե ով է դրանում մեղավոր»,-ասել է Պուտինն ու հավելել. «Այդ կադրերը չեն պատասխանում իմ հարցին: Կարծիք կա, որ դա ընդդիմադիրների ձեռքի գործն է, որոնք, ինչպես գիտենք եւ ինչպես խոստովանում է ԱՄՆ-ն, կապ ունեն «Ալ Կաիդայի» հետ եւ աչքի են ընկնում առանձնահատուկ դաժանությամբ»:
«Ավելին, մեզ անհեթեթ է թվում այն, որ կանոնավոր զինված ուժերը, որոնք այսօրվա դրությամբ որոշ տեղերում այսպես կոչված ապստամբներին շրջապատել եւ հաղթում են, այս պայմաններում քիմիական զենք կիրառեին՝ հիանալի գիտակցելով, որ դա կարող է իրենց դեմ պատժամիջոցների առիթ դառնալ՝ ընդհուպ մինչեւ ուժի կիրառում: Սա պարզապես անհեթեթ է, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում», - ասել է ՌԴ նախագահը:
«Նույնիսկ ԱՄՆ-ում կան փորձագետներ, որոնք ներկայացված ապացույցները համոզիչ չեն համարում եւ չեն բացառում, որ ընդդիմությունը նախօրոք մտածված սադրիչ քայլ է կատարել՝ իր հովանավորներին զինված միջամտության առիթ տալու համար», - ընդգծել է Վլադիմիր Պուտինը:





























