Մի խումբ քաղաքացիներ փակել են Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար գեներալ-լեյտենանտ Չինգիզ Մամեդովի մեքենայի ճանապարհը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ի երեկոյան «Սպայի տան» դիմաց:

Ցուցարարները պահանջել են փոխնախարարից դուրս գալ մեքենայից եւ լսել իրենց խնդիրները: Նրանք թակել են մեքենայի պատուհանները: Միջադեպի պատճառով փակել են ճանապարհային երթեւեկությունը, խցանում է գոյացել:

Պատճառն այն է, որ ցուցարարների երեխաները, որոնք կրթություն են ստացել Ռազմական լիցեյում, ստիպված են երկրորդ անգամ քննություն հանձնել՝ Բարձրագույն ռազմական դպրոց ընդունվելու: Դժգոհ ծնողները որոշել են դիմել փոխնախարարին, սակայն վերջինս թոթվել է ուսերն ու նշել, որ ոչնչով օգնել չի կարող: Այդ պատճառով զայրացած ծնողները փակել են նրա մեքենայի ճանապարհը:

Ցուցարարները անգամ հայտարարել են, որ մտադիր են բողոքի ակցիա իրականացնել նախագահի նստավայրի մոտ: