Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` սեպտեմբերի 3-ին, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Հայաստանի ազգային ագրարային  համալսարանի կենդանիների բուծման եւ կերակրման ամբիոնի դասախոս, դոցենտ գյուղատնտեսական գիտությունների թեկնածու` նույն համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արամ Մուրադյանը:

ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արամ Մուրադյանը վերոնշյալ համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտում քաղաքացի «Խ»-ի  ընդունելության քննությունների հարցը դրական լուծելու դիմաց`  վերջինիցս պահանջել եւ ստացել է 2.200 ԱՄՆ դոլար կաշառք:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: