Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը հաղթել է դատարանում: Դատարանը ոչ իրավաչափ է համարել ոստիկանների գործողությունները:

Այս առնչությամբ տարածված հաղորդագրության մեջ, մասնավորապեսմ, նշվում է.

«Լ.Բարսեղյանը (ներկայացուցիչ` Արտակ Զեյնալյան) 2011 թվի նոյեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի դեմ հայց էր ներկայացրել Վարչական դատարան, պահանջելով ճանաչել կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքների խախտման փաստը, ինչպես նաեւ` ճանաչել ոստիկանների գործողությունները որպես ոչ իրավաչափ:

Ոստիկանության Երեւանի Կենտրոն բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը մի քանի ոստիկանների հետ 2011 թվականի սեպտեմբերի 21-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանին ուժով տարել էին ոստիկանություն, այնտեղ, մինչեւ Անկախության 20-ամյակի զորահանդեսի ավարտը` 3 ժամ, պահելուց հետո ազատ էին արձակել: Վերջինս, 10-12 համախոհների հետ Սարյանի արձանի մոտից բողոքի երթ էր նախաձեռնել ընդդեմ օտար զորքերի եւ օտար դրոշների առկայության` Հայաստանի Անկախության 20-ամյակի զորահանդեսում: Ոստիկանները խլել էին «Անկախ Հայաստան», «Հայաստանը Ռուսաստանի մաս չէ» եւ համանման բովանդակությամբ պաստառները, ապա, խափանելով երթը, «Ազատ, անկախ Հայաստան» բացականչությունների միջոցին Լ.Բարսեղյանին եւ ցուցարարներից մեկին իրենց կամքին հակառակ տարել էին ոստիկանություն:

Ավելի քան մեկուկես տարի տեւած դատաքննության ընթացքում լսվեցին ութ վկաների վկայությունները (այդ թվում` չորս ոստիկանի), ուսումնասիրվեցին Ազատություն ռադիոկայանի եւ epress.am լրատվական կայքի հեռուստառեպորտաժները, ինչպես նաեւ գործում առկա մյուս ապացույցները:   

2013 թվի հուլիսի 15-ին դատարանը (դատավոր Ռ.Հակոբյան), ելնելով գործի քննությունից եւ ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ «112-115-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132 հոդվածներով, ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ կետով, վճռեց «Լեւոն Բարսեղյանի հայցը բավարարել` ճանաչել Լեւոն Բարսեղյանի կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության), ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքների խախտման փաստը եւ ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի ոստիկանների գործողությունները։ Պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 8.000 դրամ, որպես վերջինիս կրած դատական ծախսի փոխհատուցում:

Ոստիկանությունը այս վճիռը չի բողոքարկել Վերաքննիչ դատարան: Այս աննախադեպ վճիռը ուժի մեջ է մտել 2013 թվականի օգոստոսի 15-ին»: