Երեւանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին չի հայհոյել եւ չի թքել Երեւանի քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստների ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հենրիկ Նավասարդյանը` անդրադառնալով վերջին միջադեպին, երբ իր որդին բերման էր ենթարկվել ոստիկանություն:

Տրանսպորտի վարչության պետը շեշտեց, որ եթե իր որդին հայհոյեր եւ թքեր ակտիվիստների ուղղությամբ, ապա նրանց բոլորի ձեռքին կան տեսախցիկներ, նրանք դա նկարած կլինեին եւ վաղուց այդ տեսանյութը կհայտնվեր համացանցում: «Եթե հայհոյանք կար ու թքել է, պետք է որ տեղադրած լինեին չէ՞, իրենց ձեռքին տասնյակ տեսախցիկներ կան, եթե նման բան է լինում, անպայման տեղադրում են»,- ասաց Տրանսպորտի վարչության պետը:

Հենրիկ Նավասարդյանը պատմեց, որ որդին իր ընկերուհու` Շողեր Քարամյանի հետ, գնում էին 15-րդ թաղամաս, նրան ուղեկցում էր տուն, եւ քաղաքապետարանի մոտ լսեց, թե ինչպես ակտիվիստներից Վահագնը, ով իր եղբոր որդու հետ համալսարանում է սովորել, ասել է «Նավասարդյանի տղան է»: Դրանից հետո Տրանսպորտի վարչության պետի որդու մոտ հետաքրքրասիրություն է առաջացել, նորից վերադարձել է, մեքենայի ապակին իջեցրել է, որեւէ վիճաբանություն չի եղել, ուղղակի տեսել է, որ իր ընկերն է ու գնացել, բայց ակտիվիստները բողոքել են եւ ոստիկանությունը բերման է ենթարկել նրանց:

Հենրիկ Նավասարդյանն ասաց, որ ճիշտ է, իր որդին սթափ վիճակում չի եղել, բայց նա չի եղել ղեկին, այլ ընկերուհին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին ոչ սթափ վիճակում բերման է ենթարկվել ոստիկանություն:  Սեպտեմբերի 2-ին, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Porsche Cayenne մակնիշի 10 PR 100 համարանիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայի վարորդը Շողիկ Քարամյանն էր, ուղեւորը` Դավիթ Նավասարդյանը, նրանք երկուսն էլ գտնվել են ոչ սթափ վիճակում:

Նրանց բերման ենթարկելու պատճառն այն էր, որ Դավիթ Նավասարդյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա կատարող անձանց նկատմամբ` թքելով ու հայհոյանքներ տալով նրանց ուղղությամբ,  բնակիչները ահազանգել են ոստիկանություն եւ ոստիկանները հայտնաբերել եւ բերման են ենթարկել նրանց:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am