Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին եւ քննարկել ազգային-եկեղեցական զանազան հարցեր:
Զրույցի ընթացքում նրանք կարեւորել են աշխարհասփյուռ հայության եւ ազգային կառույցների ու հաստատությունների շարունակական աջակցությունը սիրիահայությանը Սիրիայում տիրող դժվարին այս շրջանում:
Ուրախությամբ ընդունելով առաջիկա սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռում գումարվելիք Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի մասին տեղեկությունը` ՀԲԸՄ նախագահն իր մաղթանքները բերեց ժողովի աշխատանքներին` ընդգծելով եպիսկոպոսաց ժողովի կարեւոր առաքելությունը համայն հայության կյանքում:
Հանդիպմանը մասնավոր անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գործունեությանը, կրթական, սոցիալական եւ եկեղեցաշինական ծրագրերին: Այս առիթով Գարեգին Բ-ն իր գնահատանքը հայտնեց ինչպես անձնապես տիար Պերճ Սեդրակյանին` որպես Մայր Աթոռի բարերարի, այնպես եւ ՀԲԸՄ բոլոր անդամներին` Ս. Էջմիածնի հանդեպ իրենց ուշադրության եւ նվիրումի համար:
Իր հերթին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն իր հավատարմությունը հայտնեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնին եւ վստահեցրեց Կաթողիկոսին, որ ՀԲԸՄ-ն շարունակելու է ըստ ամենայնի զորակցել Հայ առաքելական սուրբ եկեղեցու գործունեությանը եւ Մայր Աթոռի ազգանպաստ ծրագրերին:





























