Ստամբուլի Վանիքյոյի շրջանում ապրող Յաշար Քեմալի տուն այցելած հայկական պատվիրակությունը հայտնի գրողին է հանձնել «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալը։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալը Յաշար Քեմալին հանձնելու համար Ստամբուլ են ժամանել ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Սեյրանուհի Գեղամյանը, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը եւ Արեւմտահայերի Ազգային Համագումարի ներկայացուցիչներ Վահան Մելիքյանը եւ Սեւակ Արծրունին։
Հուշամեդալի հանձնման արարողության ժամանակ ելույթ է ունեցել Յաշար Քեմալը. «Այս հողերում միեւնույն ժամանակ շատ մեծ ցավեր, կոտորածներ են տեղի ունեցել։ Սակայն մարդկության ջանքերն էլ կան զտվելու բոլոր կեղտերից։ Այդ ջանքերից մեկն էլ թշնամության դեմ դուրս գալն եւ խաղաղության համար դիմակայելը»,-ասել է Յաշար Քեմալը։
Նշենք, որ Յաշար Քեմալը հուշամեդալով է պարգեւատրվել հայ ժողովրդի մշակութային ժառանգության նկատմամբ ունեցած խոր հարգանքի եւ քաղաքացիական խիզախումի, արդարության, ազատության եւ մարդկային արժանապատվության արժեքների հանդեպ նվիրումի եւ գրական վաստակի համար։
Յաշար Քեմալը այն գործիչն է, ում ջանքերի շնորհիվ 1951-ին կասեցվեց Աղթամարի հայկական Սուրբ Խաչ եկեղեցու ոչնչացման թուրքական իշխանությունների ծրագիրը։
































