ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի գործում, որի մեղադրյալլներն են Չեչնիայի քաղաքացի Ադամ Օսմաեւը եւ Ղազախստանի քաղաքացի Իլյա Պյանզինը, նոր շրջադարձ է կատարվել: «Իզվեստիայի» տվյալով՝ Պյանզինն ամբողջությամբ խոստովանել է մեղքը եւ քննության հետ գործարքի մեջ մտել, այդ պատճառով սեպտեմբերի 6-ին նրա գործը Մոսկվայի քաղաքային դատարանում կքննեն հատուկ կարգով՝ առանց վկաներին հարցաքննելու:
Ավելի վաղ ղազախստանցին պնդում էր, թե ինքը ոչ մի կապ չի ունեցել Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի հետ եւ ԱԴԾ-ում բողոքել էր, որ 2012թ. հունվարին Օդեսայում իրեն կալանավորած Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները, կտտանքների ենթարկելով, ստիպել էին իրեն խոստովանել հանցագործությունը:
Վերջնական խմբագրմամբ, ԱԴԾ-ի քննիչները Պյանզինին մեղադրանք են ներկայացրել պետական գործչի կյանքի դեմ մահափորձ նախապատրաստելու, հանցախմբին անդամակցելու, ինչպես նաեւ ապօրինի պայթուցիկ պատրաստելու, պահելու եւ տեղափոխելու մեջ: Նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում: Սակայն քննության հետ համագործակցության շնորհիվ Պյանզինին կհաջողվի խուսափել ցմահ ազատազրկումից:




























