Պտտաձողի վրա վարժություններ կատարելուց հետո հանկարծամահ եղած Տավուշի մարզի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող 31-ամյա Ալիկ Հայկի Ջանվելյանի մահվան փաստով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ մարմինն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: Նախնական վարկածով նա ինֆարկտ է տարել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պտտաձողի վրա վարժություններ կատարելուց հետո հանկարծամահ եղած Տավուշի մարզի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող 31-ամյա Ալիկ Հայկի Ջանվելյանը 5 երեխաների հայր էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը: Գյուղապետը փոխանցել էր, որ երեխաներից փոքրը ամիսներ առաջ էր ծնվել: Ավելին` այս տարի պաշտպանության նախարարությունը պայմանագրային զինծառայողին, որպես սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիք եւ լավ ծառայող, գումար է հատկացրել տուն գնելու համար: Երիտասարդ, բայց բազմազավակ ընտանիքը ամիսներ առաջ էր նոր տուն տեղափոխվել: Ալիկ Ջանվելյանն ունի եւս երկու եղբայր: Հիշեցենք նաեւ, որ պտտաձողի վրա վարժություններ կատարելուց հետո սեպտեմբերի 3-ին սահմանագոտում հանկարծամահ է եղել Տավուշի մարզի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող 31-ամյա Ալիկ Հայկի Ջանվելյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: NEWS.am-ի տեղեկություններով պայմանագրային զինծառայողը վարժությունից հետո իրեն վատ է զգացել տեղափոխել են հիվանդանոց, որից հետո կենսաբանական մահ է գրանցվել: Նա պայմանագրային հիմունքներով ծառայում է 2009թ-ից:




























