Օրեր առաջ անհետացած եւ իր հարազատներին նամակ թողած` «Հայբիզնեսբանկի» Շենգավիթի մասնաճյուղի կառավարիչ Արտյոմ Պետրոսյանի դեմ ոստիկանություն երկու հաղորդում է ներկայացվել: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Այս մասին երեկ «Ժամանակին» տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժնից: Ըստ վերոնշյալ տեղեկատվության՝ Հրաչյա Պետրոսյանի իրականացրած ապօրինի գործողությունների նոր տուժողներ են ի հայտ եկել:
ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ Չարենցավանի բնակիչներից մեկը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ Հրաչյա Պետրոսյանն իր վստահությունը չարաշահելու միջոցով «Հայբիզնեսբանկի» Շենգավիթի մասնաճյուղից հունիսին ձեւակերպել ու ստացել է 15 հազար ԱՄՆ դոլար եւ դիմել փախուստի։ Կա մեկ այլ հայտարարություն եւս, որը ներկայացրել է Արմավիրի մարզի մի բնակիչ: Վերջինս, ըստ ոստիկանության, հաղորդում է տվել, որ Պետրոսյանն իր անունով, վստահությունը չարաշահելու միջոցով ձեւակերպել ու ստացել է 5000 ԱՄՆ դոլար եւ 5 մլն 400 հազար դրամ, որից հետո փախել է: Առաջին գործարքը ձեւակերպել է մարտ, իսկ երկրորդը՝ հուլիս ամսին: Նախաքննությունը շարունակվում է»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























