Ռուսաստանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ ուժային գրոհը կարող է վնասել միջուկային անվտանգության տեսանկյունից զգայուն օբյեկտները, նաեւ հիշեցրել է ռուս փորձագետների ւսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն Սիրիայում քիմիական զենքը գրոհայիններն են կիրառել։
Հայտարարությունում նշվում է, որ եթե դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ մարտական լիցքն ընկնի Դամասկոսի մոտ գտնվող նեյտրոնների աղբյուր հանդիսացող փոքր ռեակտորի վրա, հետեւանքները կարող են աղետալի լինել։ Հնարավոր է շրջակա տարածքների վարակում հարստացված ուրանով եւ թունավոր նյութերով, իսկ տվյալ օբյեկտում գտնվող միջուկային նյութի հետագա վերահսկումը կդառնա գրեթե անհնար։
«Այս բացասական սցենարի զարգացումը կանխելու նպատակով ԱԷՄԳ-ի քարտուղարությանը կոչ ենք անում արագ արձագանքել իրավիճակին եւ կազմակերպության անդամ երկրներին ներկայացնել Ամերիկայի կողմից Սիրիային հարված հասցնելու պարագայում առկա ռիսկերի վերլուծությունը», - ասված է հայտարարությունում։
Նաեւ Սմոլենսկի հրապարակում պատմել են ընթացիկ տարվա մարտին Հալեպում կիրառված քիմիական զենքի նմուշների վերլուծության արդյունքները։
«Մասնագետների հիմնական եզրակացությունները հետեւյալն են: Առաջին, օգտագործվածը սիրիական բանակի զինամթերքը չէր, այլ պատրաստվել էր արհեստական միջոցով`հրթիռային անկառավարելի ռումբերի տեսակին համապատասխան, որն արտադրվում է Սիրիայի հյուսիսում` այսպես կոչված «Բաշայի Ան-Նասր» խմբավորման կողմից»: Երկրորդ, ռազմամթերքը պայթեցնելու համար կիրառվել է հեքսոգեն, որը սովորաբար քիմիական զինամթերքներում չեն օգտագործում: Երրորդ, ռազմամթերքի եւ հողի նմուշներում հայտնաբերվել էր ոչ արդյունաբերաան պայմաններում սինթեզված «զարին» նյութ: Ընդգծեմ, որ ռուսական զեկույցը բավականին որոշակի է, այն 100 էջանոց գիտատեխնիկական փաստաթուղթ է` նմուշների վերլուծության բազմաթիվ աղյուսակներով եւ դիագրամներով: Հուսով ենք, որ այն զգալի կօգնի ՄԱԿ-ին` տվյալ միջադեպի քննության ժամանակ», — հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկշեւիչը:
«Բոլորի ուշադրությունը, ովքեր ձգտում են պատասխանատվությունը միշտ բարդել ՍԱՀ-ի իշխանությունների վրա, այժմ ամբողջովին սեւեռված է Արեւելյան Գուտայի իրադարձություններին: Սակայն այնտեղ էլ «ինչ-որ բան այն չէ»: Ակնհայտ են պաշտոնական Դամասկոսի կողմից ՄԱԿ-ին հանձնած տվյալները` օգոստոսի 22, 24 եւ 25-ին սիրիական բանակի զինծառայողներին զարին նյութով թունավորելու դեպքերի մասին կատարվածը մոռացնել տալու փորձերը: Հայտնի է, որ տուժած զինծառայողների վիճակի մասին վկայել է ՄԱԿ-ի փորձագետների խումբը` Օ. Սելստրեմի գլխավորությամբ: Ակնհայտ է, որ օոգստոսի 21-ի միջադեպի ցանկացած անաչառ քննություն անհնար է` առանց այս հանգամանքները հաշվի առնելու:
Հաշվի առնելով վերը շարադրվածը` ողջունում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հայտարարությունը, որ Սելստրեմի խումբը մտադիր է առաջիկայում վերադառնալ Սիրիա, աշխատանքը շարունակելու համար», - ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ:





























