Գրող, արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանին ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ օգոստոսի 14-ին նախապատրաստված նյութերով մերժվել է քրեական գործի հարուցումը: Քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով: Իսկ այդ հոդվածով սահմանվում է, որ քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը:
Հիշեցնենք, որ հայտնի հայ արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը հունիսի 14-ին ինքնասպանություն է գործել հրազենի կիրառմամբ: Երեւանի Վաղարշյան փողոցի իր բնակարանում հայտնաբերվել է նրա դիակը: Նրա մոտ վերջերս հայտնաբերվել էր թոքերի քաղցկեղ` խորացված վիճակում: Նա թողել էր նաեւ նամակ, որտեղ նշել է, թե շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ ունեցել է լավ կին, լավ որդի, լավ թոռնիկներ, եղբայր ու ընկերներ ու ամենքից ներողություն է խնդրել եւ գրել. «Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով»:




























