Հայաստանի 948 խոշոր ընկերություններից սեպտեմբերի 5-ի դրությամբ աուդիտի դրական եզրակացություն են ստացել 442-ը (46.6%-ը): Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը: 204 կազմակերպություն աուդիտի դրական եզրակացություն չեն ստացել, իսկ 295-ն ընդհանրապես աուդիտ չեն անցել:
Մեր նախորդ հրապարակմա մեջ նշված բոլոր ընկերություններն էլ շարունակում են մնալ աուդիտ չանցածների խմբում: Սակայն ՀՀ ֆինանսների նախարարության մամլո խոսնակ Նվարդ Առաքելյանը NEWS.am-ին ասաց, որ անցյալ շաբաթվա վերջում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը ներկայացրել է դրական եզրակացություն, ուստի ցանկում փոփոխություն կանեն հաջորդ հրապարակման ժամանակ:
Հիշեցնենք, որ 1 մլրդ դրամից ավելի հասույթ կամ ակտիվ ունեցողները պարտադիր աուդիտի եզրակացություն պետք է ներկայացնեին մինչեւ հուլիս 1-ը: Աուդիտ չանցած ընկերությունները զրկվում են պետական գնումների մրցույթին մասնակցելուց: Ն. Առաքելյանն ասաց, որ ընկերությունները դեռ հնարավորություն ունեն ներկայացնելու աուդիտի եզրակացությունը: Եթե նրանք չեն հասցրել աուդիտի ենթարկել 2012 թ. ցուցանիշները, ապա կարող են ներկայացնել աուդիտ 2013 թ. առաջին կիսամյակի տվյալներով, որպեսզի ֆինանսների նախարարությունը համոզվի՝ արդյոք թերությունները վերացվա՞ծ են:
Նշենք, որ ՀՀ կառավարությունն ավելի հետեւողական կարող էր լինել աուդիտի հարցում; Օրինակ՝ «Ախթամար» ընկերությունը սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունից արտոնություն ստացավ Սեւանի թերակղզում ճոպանուղի կառուցելու համար, սակայն թվարկվում է աուդիտ չստացածների մեջ: Նշենք նաեւ, որ խոշոր ընկերությունների մոտ դժգոհություններ կան պարտադիր աուդիտի վերաբերյալ: Աուդիտը բավական թանկ է՝ 10-25 հազ. դոլար, սակայն աուդիտի եզրակացությունը երաշխիք չի հանդիսանում հարկային մարմինների հետ հարաբերություններում:





























