Պետք չէ ակնկալել, որ Ռուսաստանը մոտ ժամանակներս կճանաչի Լեռնային Ղարաբաղը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին լրագրողներին ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Մեկնաբանելով Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի սեպտեմբերի 3-ի հանդիպումը եւ դրա ընթացքում հնչեցված մաքսային միությանը միանալու Հայաստանի պատրաստակամության մասին հայտարարությունը, Բաղդասարյանը նշել է, որ ստորագրված փաստաթղթերում դատապարտվում են ղարաբաղյան հակամարտությունում ուժի կիրառման սպառնալիքները: «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները նոր փուլ են թեւակոխում: Բայց վաղաժամ է ենթադրել, թե Ռուսաստանը մոտ ժամանակներս կճանաչի Լեռնային Ղարաբաղը: Ամեն ինչ ցույց կտան բանակցությունները», – ասել է Արթուր Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ բանակցությունները նաեւ կօգնեն որոշել Ղարաբաղի դերը Միասնական մաքսային միության տարածում:
«Կարծում եմ՝ Հայաստանին առաջարկված պայմանները կտարածվեն նաեւ Լեռնային Ղարաբաղի վրա: Նման պրակտիկան գործում էր բոլոր բարեփոխումների ընթացքում, որը Հայաստանը անցկացնում էր Եվրամիության եւ Ռուսաստանի հետ, օրինակ՝ ԵՄ աջակցությամբ դատական համակարգի բարեփոխման: Հայաստանում հաստատված ամեն ինչ առաջարկվում եւ հաստատվում էր նաեւ ԼՂՀ-ում: Այնպես որ, Հայաստանն ու Ղարաբաղը ինչպես որ կային, այնպես էլ կմնան որպես միասնական տնտեսական տարածք: Միասնական մաքսային միությունը դրա համար սպառնալիք չի ստեղծում», – հավելել է Բաղդասարյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























